
Կրթության բնագավառում պետական քաղաքականության կազմակերպական հիմքը կրթության զարգացման պետական ծրագիրն է, որը Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը («Կրթության մասին» ՀՀ օրենք, Հոդված 4, Երևան,1999թ.):
Բարեփոխումների ներկա փուլը սկսվեց 2003 թվականից: Այս փուլում պետական ու ազգային կարևորագույն խնդիրը կրթության համակարգի առաջանցիկ զարգացումը և միջազգային ասպարեզում նրա մրցունակության ապահովումն է: Կրթության համակարգի ուղղորդումը դեպի «գիտելիքահեն տնտեսության» պահանջների ապահովումը հանդիսանում է բարեփոխումների ներկա փուլի անկյունաքարը:
Բարեփոխումների այս շրջանի կարևորագույն մաս են կազմում մասնագիտական կրթության բարեփոխումները: Մասնագիտական բարձրագույն կրթության բարեփոխումների առաջնային ուղղությունը Հայաստանի ինտեգրումն է Եվրոպական կրթական միասնական տարածքում, ապահովելով Բոլոնիայի գործընթացի պայմանների կատարումը' որակի ապահովման, որակավորումների նոր համակազմի, ուսումնական կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգի (ECTS) ներդրումը և այլն:
Կրթական բարեփոխումների այս փուլում հանրակրթության բարեփոխումները հիմնականում ընդգրկում են բովանդակային հիմնահարցեր' կրթակարգ, նոր ուսումնական ծրագրեր, սովորողների ուսումնական արդյունքների գնահատման և քննությունների նոր համակարգ, ՏՀՏ ներառում ուսումնական գործընթացում և այլն:
Կրթության ոլորտի բարեփոխումների այս 10-ամյա ժամանակաշրջանում պետության կողմից մշակվել և գործածության մեջ է դրվել օրենքների և իրավանորմատիվային փաստաթղթերի մի ամբողջ համախումբ, ինչը և նախկինում, և ներկայումս հիմք է ծառայել ոլորտի զարգացման համար: Դեռևս 1995 թվականին ընդունված Հայաստանի Հանրապետության առաջին Սահմանադրության 35-րդ հոդվածում ամրագրվել էր, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունի կրթության իրավունք, միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է, յուրաքանչյուր քաղաքացի ունի պետական մասնագիտական ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով անվճար կրթություն ստանալու իրավունք [1]:
1999 թվականի ապրիլի 14-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «Կրթության մասին» ՀՀ օրենքը, որը, հիմնվելով Սահմանադրության դրույթների վրա, որոշակիորեն ուղղորդել է վերափոխվող համակարգի զարգացումը: Օրենքն ընդունելուց հետո, հրատապ խնդիրների լուծման առաջնայնությունից ելնելով, ժամանակ առ ժամանակ այն ենթարկվել է փոփոխությունների և լրացումների:
«Կրթության մասին»ՀՀ օրենքին հաջորդել է կրթության առանձին աստիճանները կանոնակարգող օրենքների և իրավանորմատիվային բազմաթիվ փաստաթղթերի մշակումն ու ընդունումը: Մասնավորապես, համակարգի առանձին ոլորտների և օղակների բարեփոխումների համար օրենսդրական հիմք են ծառայել «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին»ՀՀ օրենքը (14.12.2004), «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքը (08.07.2005), «Կրթության պետական տեսչության մասին»ՀՀ օրենքը (15.11.2005), «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքը (15.11.2005), «ՀՀ բարձրագույն կրթության բարեփոխումների ռազմավարության մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշումը (21.11.2003), «Գեղարվեստական կրթության հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշումը (18.11.2004), «Ներառական կրթության հայեցակարգի մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշումը (25.05.2005), «Մանկավարժական կրթության բարեփոխման հայեցակարգի մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշումը (29.12.2005) և այլն:
Բացի օրենսդրական դաշտի կատարելագործումից պետությունն որդեգրել է միջնաժամկետ և երկարատև զարգացման ծրագրավորման քաղաքականությունը, ինչը արտահայտվում է միջնաժամկետ ծախսային ծրագրերի և կրթության ոլորտի զարգացման ծրագրերում: 2001 թվականից, հաստատվելով Ազգային ժողովում, առաջին անգամ օրենքի ուժ է ստացել «Կրթության զարգացման պետական ծրագիրը 2001-2005թթ.», որի նպատակն էր ապահովել կրթության համակարգի առաջանցիկ զարգացումը՝ որպես պետականության ամրապնդման և հասարակության սոցիալ-տնտեսական առաջընթացի գործոն: 2006 թվականից սկսվել է «Կրթական զարգացման 2007-2015 թվականների պետական ծրագրի» մշակման աշխատանքները: